Նորք-Մարաշ 13-րդ փողոց, 38 տուն, Երևան, ՀՀ
sourcefound.management@gmail.com
+374-77-622003

Հաշմանդամությունը երեխայի խոցելիությանը նպաստող հիմնական գործոններից մեկն է։ Հաշմանդամություն ունեցող երեխաները հանդիսանում են հասարակության ամենախոցելի խումբը։  Խնդրի ի հայտ գալու պահից ի վեր մարտահրավերների առաջ է կանգնում ոչ միայն երեխան, այլև երեխայի ծնողները։ Վերջիններս մեր իրականության մեջ պարբերաբար բախվում են երեխայի թերապիաներին, առօրյայի կազմակերպմանը, կրթությանն ու զարգացմանն առնչվող տարատեսակ խնդիրների։ Մի կողմից «հաշմանդամություն» հասկացության սխալ ընկալումը հասարակության կողմից, հասարակության անիրազեկվածությունը, հասարակության մեջ արմատացած կարծրատիպային մոտեցումը հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ,  մյուս կողմից  ծառայությունների և ռեսուրսների հասանելիության պակասը երեխային և ծնողներին կարող են դարձնել էլ ավելի օտարված և մեկուսացած։  

Ունենալով հաշմանդամություն ունեցող երեխաներ և քաջ գիտակցելով պատշաճ խնամքի, ծառայությունների, թերապիաների և սոցիալիզացիայի կարևորությունը հաշմանդամություն ունեցող երեխայի հմտությունների զարգացման գործընթացում՝ Մարինա Պարազյանը և Լիլիա Կարապետյանը նպատակադրվեցին ստեղծել հիմնադրամ, որը կզբաղվեր հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմամբ՝ օգնելով նրանց դառնալ հասարակության լիիրավ անդամներ և ապրել լիարժեք կյանքով։ 2013թ․ նոյեմբերի 7-ին ստեղծվեց ՍՈՐՍ հիմնադրամը։

Հիմնադրամը նպատակ ունի․

Օգնել նրանց դառնալ հասարակության ակտիվ անդամներ և սատարել նրանց իրավունքների պաշտպանությանը,

Հայաստանում ստեղծել կենտրոններ և ծառայություններ, որոնք համապարփակ լուծումների շարք հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին,
Տրամադրել բարձրորակ վերականգնողական թերապիա և իրականացնել հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ,

Ապահովել ամբողջական պալիատիվ խնամք,

Մատուցել երեխայի խնամքի ցերեկային ծառայություն,
Խթանել կրթությունը և/կամ կենսական անհրաժեշտության հմտությունների զարգացումը,
Ստեղծել հարմարավետ և հյուրընկալ միջավայր,
Ստեղծել և ընդլայնել հաղորդակցման հնարավորությունները,
Ստեղծել համագործակցային միջավայր՝ զարգացնելով շփումը քույր-եղբայրների, ծնողների և ընտանիքի այլ անդամների հետ,

Մշակել հարթակներ՝ շահառուների/ընտանիքի անդամների և քաղաքականությունը մշակող համապատասխան մարմնի, բազմամասնագիտական թիմի և բժշկական ոլորտի ներկայացուցիչների միջև քննարկումների համար,

Փոխել հասարակության կարծրատիպային մոտեցումը և բացասական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ։

Հիմնադրամի գործունեությունը ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, նրանց առողջական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը։

Մասնագիտական և ծնողական ուժերը կենտրոնացնելով երեխաների վրա՝  մենք

նպաստում ենք երեխաների հմտությունների զարգացմանը,

ապահովում ենք նրանց խնամքը տանը և կենտրոնում,
տրամադրում ենք վերականգնողական ծառայություններ, ինչպես նաև ադապտացված հատուկ գույք, կահույք և պարագաներ՝ հարմարեցնելով միջավայրը նրանց կարիքներին
իրականացնում ենք միջոցառումներ, որոնք օգնում են նրանց հնարավորինս ինտեգրվել հասարակությանը։

Հիմնադրամի մասնագետների կազմը համալրված է ոլորտի առաջատար մասնագետներով, որոնք պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների, քննարկումների և սեմինարների, ինչն էլ նպաստում է նրանց մասնագիտական աճին և զարգացմանը։

Երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավման գործում մեծ դեր ունի ծնողների գործոնը։ Գործի դնելով բոլոր լծակները և ռեսուրսները՝ մենք իրականացնում ենք

ծնողական թիմի հետ հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ և սեմինարներ՝ նպաստելով ծնողների իրազեկվածությանը և ծնողական համայնքի համախմբմանն ու հզորացմանը,
ծնողական թիմի վերապատրաստումներ, որոնք նպատակաուղղված են աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը և դրանք տեղում կիրառելուն։ Արդյունքում՝ վերապատրաստվելով կարի և փայտի արտադրամասերում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողները հնարավորություն են ունենում անցնել աշխատանքի և ձեռք բերել եկամտի աղբյուր։

Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք օգնել հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին գործի դնել իրենց ողջ ներուժը և հասնել առավելագույն արդյունքի։

սորս հիմնադրամ

Հիմնադիրները

Մարինա Պարազյան
Հիմնադիր և գործադիր տնօրեն
Լիլյա Կարապետյան
սորս հիմնադրամ

Ղեկավար կազմ

Վեհանուշ Գյուլբանգյան
Հիմնադրամի փոխտնօրեն
Սեդա Մարգարյան
Հաշվապահ
Աննա Գրիգորյան
Փափուկ գույքի արտադրամասի համակարգող
Ալլա Կարապետյան
Ադմինիստրատիվ օգնական

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը:

Մեր տեսլականը

ՍՈՐՍ հիմնադրամը ձգտում է տեսնել մի աշխարհ, որտեղ մենք միասին հնարավորինս աջակցում ենք հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, խթանում ենք նրանց ներգրավվածությունը հասարակական կյանքին և աշխատանքում, հիմնում ենք նոր միջազգային ստանդարտներ և բավարարում ենք դրանք։

Մեր արժեքները

Սոցիալական պատասխանատվություն
Ազնվություն
Անհատական մոտեցում
Հզորացում
Հավասարություն
Ներառականություն
Հաշվետվողականություն